ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պետական շահի ու ազգային արժանապատվության ջրբաժանը

Պետական շահի ու ազգային արժանապատվության ջրբաժանը
19.04.2019 | 02:33

Անցյալ շաբաթ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպմանը, հրապարակայնորեն հայտնեց իր տեսակետները, որոնք հասարակական բուռն քննադատության արժանացան:


Նա առաջարկում էր բացել Արցախի օդային տարածքը միջազգային ավիաթռիչքների համար, որից հետո էլ հնարավոր կլինի Սարսանգի ջրամբարի օգտագործման շուրջ փոխհամաձայնության գալ և օգտվել երկուստեք… Հայաստանում ու Ադրբեջանում:
Ի՞նչ խոսք, եթե Ադրբեջանը համաձայնի զրույց վարելու այս թեմայի շուրջ, և Արցախի օդային տարածքն օգտագործվի միջազգային ավիաընկերությունների կողմից, հայկական կողմը կշահի, որովհետև «անջատողական-փակ» հասարակության համբավ ունեցող Արցախն այդ պայմաններում այլ կերպ կընկալվի միջազգային հանրության կողմից, ավելին՝ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ հայտնվելու հնարավորությունն ավելի կմեծանա: Բայց, ինչպես ասում են, առուն չանցած «հոպ» չասենք, որովհետև, եթե որևէ մեկը կարծում է, թե Ադրբեջանը հաշվի կնստի այս առաջարկի հետ, չարաչար սխալվում է. չմոռանանք, որ «Կարմիր խաչն» ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արել են նմանատիպ առաջարկներ, որոնք կտրականպես մերժվել են ադրբեջանական կողմից:


Սա հարցի պետական-շահեկան կողմն է, բայց այն ավելի զորավոր՝ բարոյական կողմ էլ ունի, և եթե նայենք բարոյական-հոգեբանական տեսանկյունից, միանշանակ է դառնում, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը անքննելիորեն անընդունելի է, սխալ:
Արցախյան ազատամարտի տարիներին ազատագրված ամեն մետրի համար մենք կյանքով ենք վճարել, հետագա երեք տասնամյակների ընթացքում էլ Արցախի պաշտպանությունը, մարդկային կյանքերի առումով, շատ թանկ է նստել մեզ վրա. Սարսանգի ջրամբարը բացառություն չի կազմում: Եվ զարմանալի է իշխանությունների զարմանքը՝ ժողովրդի բողոքի ձայնին: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանին ջուր տալու հայտարարությունը հեշտությամբ ընկալել ու մարսել մի հասարակություն, որը գտնվում է նույն Ադրբեջանի ուղղակի թիրախում։
Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ջրամբարի երկուստեք շահագործման դեպքում թե՛ Ադրբեջանում, թե՛ Արցախում հարյուրավոր հեկտար անջրդի հողեր կարող են մշակվել ու բարձրացնել տեղի բնակչության կենսամակարդակը: Իսկ, ներեցեք, Ադրբեջանի բնակչության կենսամակարդակի բարձրացումը մեր ռազմավարության ո՞ր փուլում է ներառված, ո՞վ է ասել, որ մենք պետք է նպաստենք ամեն օր մեր զինվորի մահը պլանավորող ադրբեջանցու կենսամակարդակի բարձրացմանը:


Ժողովրդական առածն ասում է՝ նամուսը տվեցին շանը, շունը չկերավ: Նման հայտարարությունններից հետո մարդ պետք է ինքն իրեն հարց տա՝ ի՞նչ կզգամ Եռաբլուրում, ի՞նչ կզգամ Արցախի համար զոհված զինվորի մոր աչքերին նայելիս, այս հայտարարությունն անելուց հետո ի՞նչ կկարդամ այն մանկան աչքերում, որը, որբ մեծանալով, արդեն հասկացել է, որ իր զոհված հայրը չզոհվելու տարբերակ չուներ, և իր հոր ծնկներին նստած խաղալու բերկրանքն ինքն ակամա ընծայել է Հայաստանի ազատությանը:


Պետական շահը մնում է պետական շահ, ոչ ոք չի վիճում դրա հետ, բայց չե՞ք կարծում, որ եթե սկսենք առևտուր անել այդ շահի հետ, աղանդավորների ու արվամոլների շահերն էլ աչքի առաջ պիտի ունենանք: Բայց մեր պայքարի գլխավոր նպատակը միշտ պատիվն է եղել, պատիվն է մեզ հաղթանակների մղել, հանուն պատվի մեր ազգի ընտրյալ զավակները զոհվել են, որ մենք արժանապատվորեն ապրենք մեր հողի վրա։


Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչում» Ախոյի մահը սգացող Չոլոն ասում է. «Տղե՛րք, հորի՞ կիլաք: Թե Փեթարա Մանուկի համար կիլաք, Մանուկ սպանվեց Կողբա աղի համար… Թե Ախոյի համար կիլաք, Ախոյի արյուն թող իրեն համար մահ էղնի, իսկ մեզ վրեժի խնդիր»:
Արայիկ Հարությունյանը գիտի՞, թե Սարսանգի համար քանի Մանուկներ ու Ախոներ են զարկվել, «որ Արցախն իր հաց չոր ու ցամաք չուտե»։ Հուսով եմ` գիտի: Նրանց սպանողներին ջուր տալո՞վ ենք վրեժ լուծելու:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 21463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ